«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ընտրական ցուցակը։
Դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը նշել է, որ սա կարևոր փուլ է երկրի համար և վկայում է ընտրական գործընթացի ակտիվ մեկնարկի մասին։ Նա անդրադարձել է նաև հնարավոր մտահոգություններին՝ կապված դաշինքի գրանցման հետ։
«Իրավական առումով ունեմ և ունենք 0 մտահոգություն։ Ինչի՞ համար, քանի որ իրավական, օրենսդրական որևէ մի գործիքակազմ չկա խոչընդոտ առաջացնելու համար։ Կարող ենք հայտնել նաև, որ գործընկերների հետ միասին մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը նախքան դրանց ներկայացումը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Վարդևանյանը նշել է, որ դաշինքի գործունեությունը իրականացվում է բացառապես գործող օրենսդրությանը համապատասխան։ Նա անդրադարձել է նաև գաղտնալսումների թեմային՝ քննադատելով իշխանություններին։
«ՔՊ կուսակցության մեջ էլ լինում են անձինք, որ իրավունքի հետ կապված խնդիր են ունենում, բայց ինչո՞ւ դրա վերաբերյալ մի ձայնագրություն չի լինում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ՔՊ-ի վերաբերյալ գաղտնալսում ինչո՞ւ չի հրապարակում։ Այս աստիճան սևեռվածությունն ընդդիմադիր ուժերին գաղտնալսելու տեսանկյունից, դա ևս որոշակի առումով թուլության նշան է»,-ասել է փաստաբանը:
Նա նաև պնդել է, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են և դրանց բովանդակությանը պետք է վերաբերել վերապահումով։
Ընտրացուցակի առաջին տասնյակում ընդգրկված են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Ավետիս Առաքելյանը, Մարիաննա Ղահրամանյանը և Հայկ Սուքիասյանը։
ԿԸՀ-ն ստացել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Այսպիսով, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»:





