AM
22 Ապրիլ 2026 - 14:58 AMT

ԿԿՀ-ն Տիգրան Արզաքանցյանին բանավոր դիտողություն է հայտարարել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ է իրականացրել «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ՝ ֆինանսական հաշվետվությունների հետ կապված խախտումների հիմքով։

Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ կուսակցության 2023 և 2024 թվականների ֆինանսական աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ հաշվետվություններում առկա են եղել անհամապատասխանություններ և ոչ ամբողջական տվյալներ, հայտնում է Factor.am-ը:

Մասնավորապես, բացակայել են տվյալներ ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ, բանկային քաղվածքներում զրոյական շարժի պայմաններում հաշվետվություններում արտացոլվել են մուտքեր և ելքեր, ինչպես նաև արձանագրվել են անկանխիկ գործարքների պահանջների հնարավոր խախտումներ։ Նշվել է նաև, որ որոշ միջոցառումների ծախսեր, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ներում, չեն ներառվել հաշվետվություններում։

Վարույթի ընթացքում հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը ներկայացվել է, իսկ Արզաքանցյանը գրավոր բացատրությամբ նշել է, որ հայտարարագրերի ուշ ներկայացումը չի եղել դիտավորյալ, այլ պայմանավորված է եղել կուսակցական ակտիվ գործունեությամբ և ծանրաբեռնվածությամբ։

«Ըստ գործող կարգավորումների՝ եթե հայտարարագիրը ներկայացվում է մինչև վարչական տույժի նշանակումը, վարույթը ենթակա է կարճման, ինչն էլ կիրառվել է տվյալ դեպքում։ «․․․Կուսակցության վարչության նախագահի կողմից թույլ տրված իրավախախտումը նվազ նշանակության գնահատելիս հաշվի է առնում նաև այն, որ կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների հավաստիությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովի կողմից պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում հանձնաժողով չի ներկայացվել առաջին անգամ»,-նշվում է ԿԿՀ որոշման մեջ:

Արդյունքում Տիգրան Արզաքանցյանն ազատվել է վարչական պատասխանատվությունից, և նրա նկատմամբ կիրառվել է բանավոր դիտողություն։