Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Մակրոնի այցի օրակարգը հագեցած է լինելու։ Ուզում եմ մի կարևոր կետ նշել: Կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը երկար ժամանակ քննարկվել է»,- ասել է Կոստանյանը։
Նա նշել է, որ համագործակցությանն առնչվող մի շարք այլ փաստաթղթեր ևս կստորագրվեն՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի սկզբին ՀՀ կժամանի պետական այցով: Մայիսի 4-ին նա Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը:
Էմանուել Մակրոնը Հայաստանում եղել է 2018 թվականի հոկտեմբերին՝ մասնակցել է Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Հաջորդող տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հրավիրել է Մակրոնին այցելել Հայաստան։





