AM
23 Ապրիլ 2026 - 08:00 AMT

Կոստանյան․ ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու

ՀՀ-ն ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ է հանդես գալու, որը թույլ է տալու մի նոր պատուհան բացել ներդրումային քաղաքականության մեջ, հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նա հայտնել է, որ մայիսի 4-5-ին Երևանը հյուրընկալելու է ոչ միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այլև առանձին Հայաստան–ԵՄ ձևաչափով հանդիպում։ Այդ գագաթնաժողովը համանախագահելու են ՀՀ վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գրում է Auroranews.am-ը:

Նրա փոխանցմամբ՝ սա առաջին նմանատիպ երկկողմ գագաթնաժողովն է, որի ընթացքում քննարկվելու է Հայաստան–ԵՄ համագործակցության ամբողջական օրակարգը։ Քննարկումները ներառելու են վիզաների ազատականացման հարցը, ինչպես նաև Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը։

Փոխնախարարը նաև նշել է, որ, տարածաշրջանում վերջին տարվա զարգացումները հաշվի առնելով, նախատեսվել են կարևոր քննարկումներ հաղորդակցությունների թեմայով, ինչպես նաև քայլեր ներդրումների խթանման ուղղությամբ։

«Էական քննարկումներ ենք ունենալու հաղորդակցության թեմաների շուրջ, քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք խթանել ներդրումները Հայաստանում։ ԵՄ–ի հետ համատեղ, մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու, որը թույլ է տալու մի նոր պատուհան բացել ներդրումային քաղաքականության մեջ։ Եվրամիությունը կաջակցի մասնավոր սեկտորին և կխթանի մասնավոր սեկտորի ներդրումները Հայաստանում տարբեր գործիքների միջոցով»,- նշել է Վահան Կոստանյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ բարձր մակարդակի հանդիպումներից հետո Երևանում կազմակերպվելու է «Երևանյան երկխոսություն» ամենամյա դիվանագիտական ֆորումը, որի համար մի շարք եվրոպացի պաշտոնյաներ շարունակելու են իրենց այցը մայրաքաղաքում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Մայիսի 4-ին նա Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը: