«Հայաքվեի» ու «Միասնության թևերի» մոտեցումներում կային անհամապատասխանություններ, ասել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Գալստյանը՝ անդրադառնալով գործակցության դադարեցմանը:
Նա հավելել է, թե շատ ջերմ են հարաբերությունները «Հայաքվեի» ներկայացուցիչների հետ, հայտնում է Aysor.am-ը:
«Մենք փոխադարձաբար որոշում կայացրինք, որ այս փուլում համագործակցությունը պետք է դադարեցնել։ Հետագայում հնարավոր է լինի այդ համագործակցությունը կամ չլինի, բայց այս փուլում ժամկետները սուղ էին, իսկ բանակցությունները երկարում էին»,-ասել է Գալստյանը:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, բայց ավելի ուշ հայտարարեցին, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը:
Ապրիլի 20-ին անցկացվել է «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորված ընտրական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:





