Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն Աստանայում ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի ընթացքում, «Բնության հետ ներդաշնակություն՝ հանուն տարածաշրջանի կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում, ներկայացրել է COP17-ի կազմակերպման ընթացքն ու կարևոր շեշտադրումները՝ ընդգծելով գործնական արդյունքների հասնելու անհրաժեշտությունը։
Մկրտչյանը նշել է, որ COP17-ը պետք է դառնա անցումային կարևոր հանգրվան՝ պարտավորություններից դեպի գործնական արդյունքներ, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ ընդհանուր նպատակների իրականացման համար։
Նա նշել է, որ Հայաստանը հանձնառու է ապահովել համաժողովի անցկացումը թափանցիկ, ներառական և բարձր հավակնություններով՝ նպատակ ունենալով հասնել շոշափելի արդյունքների բնության պահպանության և կայուն զարգացման ոլորտներում։ Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը մասնակցել է Մոնրեալում կայացած քննարկումներին, որտեղ ձևավորվել են COP17 նախագահության առաջնահերթությունները և հստակեցվել են կազմակերպման հիմնական ուղղությունները։
Անդրադառնալով ներպետական գործընթացներին՝ նա ընդգծել է, որ գրանցվել է զգալի առաջընթաց օրենսդրական դաշտում․ Ազգային ժողովը վավերացրել է Նագոյայի արձանագրությունը և հաստատել Մեծ կատվազգիների պահպանության միջազգային կոալիցիային միանալու շրջանակային համաձայնագիրը։
Արա Մկրտչյանը ներկայացրել է նաև առաջիկա միջոցառումները՝ նշելով, որ COP17-ից հետո անցկացվելու է Բնության առաջնորդների գագաթնաժողովը հոկտեմբերի 16-ին՝ «Առաջնորդներ հանուն բնության» խորագրով, որը համախմբելու է պետությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին, գիտնականներին և տեղական ու բնիկ համայնքների ներկայացուցիչներին։
Նրա խոսքով՝ համաժողովի կարևոր բաղադրիչներից մեկը լինելու է Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության ծրագրի իրականացման առաջին համաշխարհային գնահատումը, որը հնարավորություն կտա վերլուծել առաջընթացը, բացահայտել խնդիրները և հստակեցնել հետագա քայլերը մինչև 2030 թվականը։
Փոխնախարարը կարևորել է նաև ֆինանսական մեխանիզմների արդյունավետ կիրառումը, անհրաժեշտ ռեսուրսների ներգրավումը, ինչպես նաև տեղական համայնքների և բնիկ ժողովուրդների լիարժեք մասնակցությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության կարևոր դերակատարներ։
Նա շեշտել է, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայական փոփոխությունները, հողերի դեգրադացիան և աղտոտումը փոխկապակցված խնդիրներ են, ինչը պահանջում է համակարգված և համադրված մոտեցումներ՝ միջազգային համագործակցության շրջանակում։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:





