AM
23 Ապրիլ 2026 - 11:12 AMT

Դատարանը 3 ամսով երկարաձգել է Արամ Քոչարյանի և Խաչիկ Գալստյանի տնային կալանքը

Դատարանը 3 ամսով երկարաձգել է Վաղարշապատում արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի և տնային կալանքը: Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը, հայտնում է Aysor.am-ը:

Մինչ նիստը Բաբայանը հայտնել է, որ երկար քննարկումներ են եղել՝ կապված իր պաշտպանյալ Գալստյանի խափանման միջոցի հարցի հետ։

«Մեր կողմից բերվեցին հիմնավորումներ, որ, ըստ էության, խափանման միջոցը երկարացնելու հիմքերը բացակայում են։ Այս պահին Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառված է 20 միլիոն դրամ գրավը և տնային կալանքը։ Մենք միջնորդեցինք, որպեսզի ամբողջությամբ վերացվի տնային կալանքը։ Եթե դատարանը կգտնի, որ կա անհրաժեշտություն, ապա 20 միլիոն դրամը կթողնի անփոփոխ։ Դա լիարժեք բավական է»,-նշել էր փաստաբանը:

Քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանը մեղադրվել է 2025 թվականի նոյեմբերին Վաղարշապատում անցկացված արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նա կալանավորվել է դեկտեմբերի 30-ին, իսկ նույն գործով ձերբակալվել և հետագայում կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։

Ավելի ուշ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները փոփոխվել են՝ փոխարինվելով տնային կալանքով։