«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքին՝ Բաքվում ազատազրկված Ռուբեն Վարդանյանի նամակին՝ նշելով, որ «լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն պարզապես անընդունելի է»:
«Ասել, որ հիասթափված եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին ի պատասխան արձագանքից, նշանակում է ոչինչ չասել։
Զրո տոկոս ապրումակցում, կատարյալ անտարբերություն, չափազանց ձևական լեզու և պատասխան, որը ավելի շատ հիշեցնում է բյուրոկրատական գրություն, քան մարդու իրավունքների պաշտպանի խոսք։ Ահա այն ամենը, ինչ կարելի է հասկանալ տիկին Մանասյանի երկար ու ձիգ պատասխանից։
Բաքվում ապօրինաբար դատապարտված մարդն ավելի համարձակ է, ավելի արդար, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը, ով պետք է հիմա բոլոր ատյաններով՝ օգտագործելով մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները, աղաղակեր իր գերեվարված հայրենակիցների խախտված իրավունքների մասին՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձը։
Ոչ ոք չի ակնկալում տիկին ՄԻՊ-ից հրաշքներ։ Ոչ ոք չի խրախուսում պաշտոնի կամ դիրքի չարաշահումը որևէ պարագայում։ Բայց կա նվազագույն ակնկալիք՝ հստակ գնահատական, ուժեղ խոսք և տեսանելի ջանք՝ օգտագործելու բոլոր հնարավոր իրավական ու մարդասիրական մեխանիզմները։ Լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն պարզապես անընդունելի է։
Եթե նույնիսկ ինչ-որ աշխատանք կատարվում է փակ դռների հետևում, դա չի արդարացնում հանրային դաշտում այսպիսի թույլ և անգույն արձագանքը։ ՄԻՊ-ի ինստիտուտը նաև պատասխանատվություն է հասարակության առաջ՝ ցույց տալու, որ պետությունը կանգնած է իր քաղաքացիների կողքին, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ամենախոցելի վիճակում են»,-ասվում է գրառման մեջ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում փոխանցված ուղերձին, որով կոչ էր արվում այցելել գերիներին: Մանասյանը նշել է, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Մանասյանը նաև պարզաբանումներ է ներկայացրել ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ:





