AM
24 Ապրիլ 2026 - 08:13 AMT

Փաշինյանը Ֆրանսիայի պատվիրակության հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ գործակցությունը կընդլայնվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և կանանց ու տղամարդկանց հավասարության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին՝ նշելով, որ այցտ տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար կարևոր փուլում։

Նա արձանագրել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը հասել է աննախադեպ բարձր մակարդակի և վստահություն հայտնել, որ այն առաջիկայում ավելի է ընդլայնվելու և ամրապնդվելու։

Վարչապետը ընդգծել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձևավորված սերտ երկխոսությունը՝ կարևորելով վերջինիս դերակատարությունը խաղաղության հաստատման գործում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով՝ ներառյալ անվտանգությունը, վետերանների խնդիրները, մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խտրականության և բռնության դեմ պայքարը։

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետին փոխանցել է Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները և նշել, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման հարցում։ Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը հայ գործընկերների հետ և կիսվելու իրենց փորձով նշված ուղղություններում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում փոխգործակցության վերաբերյալ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի սկզբին ՀՀ կժամանի պետական այցով: Մայիսի 4-ին նա Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը: Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։