AM
24 Ապրիլ 2026 - 10:23 AMT

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը Ստրասբուրգում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներով ոգեկոչեցինք Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- գրել է նա։

Բացի այդ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառում: Ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Խաչքարը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց տեղադրվել է 2018թ.: Այն 17-րդ դարի Ջուղայի խաչքարի կրկնօրինակ է: