Բաքվում պահվող հայ գերիները չեն ստանում պատշաճ բժշկական օգնություն և գտնվում են վտանգավոր պայմաններում, ասել է ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում:
«Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի հետևել, թե ինչպիսի իրավիճակում են հայ գերիները, նրանց առողջական վիճակը։ Այնտեղ բժշկական միջամտությունը զրո է։ Հետևողական չեն։ Երեկոյան 6–ից հետո այնտեղ բժշկական օգնությունը առհասարակ բացակայում է, նույնիսկ բուժքույր չկա։ Եթե մեկի հետ մի բան լինի, ոչ մի բժշկական միջամտությու չի լինելու, կարող են հանգիստ մահանալ»,–ասել է Սուջյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա նաև նշել է, որ իր նկատմամբ իրականացված գործողությունների համար դիմել է Եվրոպական դատարան՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիները ենթարկվում են բռնադատումների։
«Ինձ անօրինական բռնել են ու անօրինաբար դատել։ Հենց դա է, որ պետք է ապացուցվի, որ անօրինական գործողություններով են առաջնորդվում Ադրբեջանի պետական ղեկավարները»,- ասել է Սուջյանը, հայտնում է Factor.am-ը:
Հունվարի 14–ին Բաքվում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը փոխանցվել են Հայաստանին Հակարի կամրջով:





