Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կայքում ու սոցցանցային էջում անդրադարձ էր եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ այցին և այնտեղ կատարած բարեխոսական կարգին։ Հրապարակվել էին նաև համապատասխան լուսանկարներ։ Որոշ ժամանակ անց, սակայն, հրապարակումը հեռացվել է և կայքից, և սոցցանցից:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, մեկնաբանելով հեռացման պատճառները, ասել է, որ նյութն առանց իր հետ համաձայնեցվելու էր դրվել, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ աշխատակիցներից մեկն է «շատ կոպիտ սխալ գործել». նրա տեղադրած նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ տեղեկատվությունը ընդհանրապես չպետք է հրապարակվեր։
«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արարողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Այսինքն, եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ-որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,- ասել է տնօրենի ԺՊ-ն։
Հանրային հեռուստատեսությունն Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդ չի լուսաբանել՝ ուղիղ եթերի ժամանակ կադրը փոխելով այլ ուղղությամբ։





