ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով դրոշ այրելու վերաբերյալ իր խոսքերի շուրջ մեկնաբանություններին, պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել:
Ըստ նրա պարզ միտք է արտահայտել. գերադասում է Հայաստանին տեսնել հաղթանակած, քան հակառակը, քանի որ, «երբ մենք հաղթած էինք և ուժեղ, ադրբեջանցիներն ու թուրքերը ուրիշ բան չէին կարող անել, քան վառել մեր դրոշը»:
«Հայոց ցեղասպանության համալիրում հավաքված լրագրողները ինձ հարցրին, թե ինչպես եմ վերաբերում թուրքական դրոշի այրմանը:
Ասեցի. 1995 թվականին Տեր-Պետրոսյանը Ստամբուլում էր, նրա դեմ ադրբեջանցիները ցույց էին անում և վառում Հայաստանի դրոշը: Նա այն ժամանակ մի քիչ կատակով արտահայտվել էր. «Հզոր երկիր ենք դառել` մեր դրոշն են վառում»:
Այն ժամանակ մենք հաղթած էինք և ուժեղ: Ադրբեջանցիները ու թուրքերը ուրիշ բան չէին կարող անել, քան վառել մեր դրոշը: Դրոշ վառելը հուսահատ թուլության նշան է: Վառում են ուժեղի դրոշը, որովհետև պատասխանելու այլ միջոց չունեն:
Այս նկատի ունենալով, ասեցի, որ գերադասում եմ, որ թուրքերը կամ ադրբեջանցիները վառեն Հայաստանի դրոշը, ինչպես 1995-ին էր, քան հայերը վառեն Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշը, ինչպես հիմա է:
Պարզ միտք է. գերադասում եմ Հայաստանին տեսնել հաղթանակած, քան հակառակը:
Բայց ի՞նչ արեցին որոշ լրատվամիջոցներ: Գրեցին, որ ես ասել եմ, թե «գերադասում եմ, որ վառեին Հայաստանի դրոշը»: Այսինքն, իբր մեղադրել եմ Դաշնակցությանը, որ Հայաստանի դրոշը չեն վառել:
Դե ասեք, էդ տիպի լրատվամիջոցներին ո՞նց բնութագրեմ»,-ասվում է գրառման մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «ՀՀ կառավարությունը պետք է ժամանակին կանխեր» Թուրքիայի դրոշի այրումը Ջահերով երթի ժամանակ, և անվտանգության համապատասխան միջոցներ ձեռնարկեր:Բաքուն կոչ է արել ՀՀ իշխանություններին պատասխանտավության ենթարկել «միջադեպին առնչություն ունեցող անձանց»:





