AM
25 Ապրիլ 2026 - 08:34 AMT

Խոսելով դիվանագիտության արվեստի մասին՝ Լավրովը հիշել է «հայկական ռադիոյի» անեկդոտը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե ինչում է կայանում ռուսական դիվանագիտության արվեստը ներկա փուլում, հիշել է «հայկական ռադիոյի» անեկդոտը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ թեման կարելի է ներկայացնել նաև հումորային դաշտում, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հիշո՞ւմ եք՝ Խորհրդային Միությունում կար «հայկական ռադիոյի» մասին անեկդոտների շարք։ Հայկական ռադիոյին հարցնում են. «ի՞նչ է դիվանագիտությունը»։ Ռադիոն պատասխանում է, որ կան մի քանի տարբերակներ, բայց ամենապատշաճը հետևյալն է՝ դիվանագիտությունը մարդուն հայտնի հասցեով ուղարկելու արվեստն է, բայց այնպես, որ նա հաճույքով ակնկալի այդ ուղևորությունը։ Սա նույնպես կարելի է ներառել դիվանագիտական մեթոդների զինանոցում։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա», – հայտարարել է Լավրովը «Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում։

Նախարարը նաև ընդգծել է, որ դիվանագիտության առաջնային խնդիրն ազգային շահերի պաշտպանությունն է՝ միաժամանակ հարգելով արժանապատիվ և բարեխիղճ գործընկերների շահերը։