ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանի շրջանակում։
Հովհաննիսյանը ներկայացրել է 2026 թվականին նախատեսված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ՀՀ նախագահության հիմնական առաջնահերթությունները:
Նա ընդգծել է, որ Հայաստանը նպատակ ունի կազմակերպել ներառական և մասնակցային համաժողով՝ ապահովելով Կողմերի և շահագրգիռ շրջանակների, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչների լիարժեք ու արդյունավետ ներգրավվածությունը բոլոր ուղղություններով։
Նա շեշտել է, որ COP17-ի կարևոր արդյունքներից մեկը լինելու է Կոնվենցիայի 8(j) հոդվածին և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթներին վերաբերող օժանդակ մարմնի ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև Կալի հիմնադրամի գործարկումը, որը ուղղակիորեն նպաստելու է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների բարեկեցությանը։ Բացի այդ, նախատեսվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին համաշխարհային վերանայումը։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:





