ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար անակնկալ չի եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ինչի մասին նա խոսել է Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ RTVI-ին տված հարցազրույցում Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչի համար է առավելապես զղջում, նշել էր, որ հավանաբար իր հետնորդի ընտրության հարցում։
«Եթե ձեզ համար այդ հայտարարությունը նորություն էր, ինձ համար նորություն չէր։ Գրեթե 2 տասնամյակ ես այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ լսեցի սկզբնաղբյուրից»,–ասել է Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Լրագրողի այն դիտարկմանը, թե մինչև երբ է շարունակվելու Քոչարյան–Սարգսյան հակամարտությունը, չէ՞ որ դրանից միայն իշխանություններն են շահում, Սարգսյանը նշել է, որ գոնե իրենց կողմից հակամարտություն չկա։
«Մենք դրա կողմնակիցը չենք»,–ասել է նա։





