AM
27 Ապրիլ 2026 - 07:05 AMT

Թրամփը հայտարարել է կրակողի «հակաքրիստոնեական հռչակագրի» մասին․ Փաշինյանը զորակցություն է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա հանդիսավոր ընթրիքի ժամանակ կրակ բացած անձի մանիֆեստում առկա են եղել հակաքրիստոնեական մոտիվներ։ Այս մասին նա ասել է ապրիլի 26-ին՝ Fox News Sunday հաղորդման ընթացքում։

«Եթե կարդանք նրա մանիֆեստը, պարզ է դառնում, որ նա հոգեպես անկայուն մարդ էր: Կասկածյալը «արդեն բավական երկար ժամանակ իր սրտում ուժեղ ատելություն էր կրում», – ընդգծել է Թրամփը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կապված է եղել կրոնի հետ և «ակնհայտորեն հակաքրիստոնեական» է, հայտնում է Deutsche Welle-ն:

Թրամփը նաև նշել է, որ կասկածյալի ընտանիքը տեղեկացված է եղել նրա խնդիրների մասին։ Նրա հարազատները «նույնիսկ դիմել են իրավապահ մարմիններին», պնդել է նա։

«Հնարավոր է՝ նրանք պետք է ավելի վճռականորեն տեղեկացնեին նրա մասին», – ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ Fox News-ի The Sunday Briefing-ի հաղորդավար Ժակլին Հայնրիխը X սոցիալական ցանցում գրել է, որ կասկածյալի մանիֆեստում նշված է եղել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների վրա հարձակվելու մտադրության մասին: Նա նաև հավելել է, որ սոցիալական ցանցերում կասկածյալի էջերում առկա են եղել բազմաթիվ հակաթրամփյան և հակաքրիստոնեական գրառումներ։

Հայնրիխը հայտնել է նաև, որ կասկածյալի եղբայրը՝ Քոուլ Ալենը, Քոնեկտիկուտ նահանգի Նյու-Լոնդոնի ոստիկանությանը տեղեկացրել է մանիֆեստի մասին, որը ենթադրաբար ուղարկվել է ընտանիքի անդամներին մինչև միջադեպը։

Գաղտնի ծառայությունը և Մոնտգոմերի շրջանի ոստիկանությունը հարցաքննել են Ավրիանա Ալենին՝ Քոուլի քրոջը, նրանց Ռոքվիլ քաղաքում (Մերիլենդ նահանգ) գտնվող տանը։ Կասկածյալը ձեռք է բերել երկու ատրճանակ և որսորդական հրացան Cap Tactical Firearms խանութից և դրանք պահել է ծնողների տանը, նշել է լրագրողը։ Նրա խոսքով՝ տղամարդը պարբերաբար այցելել է հրաձգարան՝ զենքի կիրառման հմտությունները զարգացնելու համար, եղել է The Wide Awakes երիտասարդական խմբավորման անդամ և մասնակցել է Կալիֆոռնիայում Թրամփի վարչակազմի դեմ կազմակերպված No Kings բողոքի ակցիային։

Կրակ բացած անձը իրավապահներին հայտնել է, որ մտադիր է եղել կրակ բացել Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների ուղղությամբ, հաղորդել են CBS-ին երկու աղբյուրներ։

NBC-ի Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում ԱՄՆ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Թոդ Բլանշը նշել է, որ ենթադրյալ հրաձիգի շարժառիթը դեռևս քննվում է, սակայն նախնական տվյալները ցույց են տալիս, որ նրա թիրախը եղել են վարչակազմի պաշտոնյաները, «հավանաբար՝ ներառյալ նախագահ Դոնալդ Թրամփը», գրում է BBC-ն:

Բլանշը նաև նշել է, որ քննիչները ստուգել են տեղեկությունը, ըստ որի կասկածյալը հնարավոր է զենքը հավաքել է հենց հյուրանոցում։ Նա ընդգծել է, որ հրաձիգը «չի կարողացել շատ առաջ անցնել»։

«Նա հազիվ է անցել անվտանգության սահմանագիծը», — ասել է Բլանշը՝ հավելելով, որ կասկածյալը, հավանաբար, Լոս Անջելեսից Չիկագո, ապա Վաշինգտոն է հասել գնացքով։

Միևնույն ժամանակ Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ թագավոր Չարլզի պետական այցը ԱՄՆ կայանալու է նախատեսվածի համաձայն։ CBS-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ միջադեպի ընթացքում արձակվել է հինգից ութ կրակոց։ Դոնալդ Թրամփի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ վազում անվտանգության աշխատակիցների կողքով, ինչից հետո նրանք շրջվում են և սկսում հետապնդել նրան։

Ավելի վաղ մամուլի ասուլիսում ոստիկանությունը հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցների և կասկածյալի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ առանց հստակեցնելու կրակոցների թիվը։

Վաշինգտոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆերի Քերոլը հայտնել է, որ կասկածյալը հրազենային վնասվածքներ չի ստացել, սակայն տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտության նպատակով։

Նրա խոսքով՝ ձերբակալվածը եղել է Washington Hilton հյուրանոցի հյուր և «զինված էր որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակներով»։

«Այս պահին թվում է, որ նա գործել է միայնակ», — հայտարարել է ոստիկանապետը։

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է կիսամերկ տղամարդը՝ հատակին պառկած, ձեռքերը կապված մեջքի հետևում, շրջապատված Գաղտնի ծառայության աշխատակիցներով։

BBC Verify բաժինը ուսումնասիրել է նաև կասկածյալի առցանց ակտիվությունը։ Լոս Անջելեսի շրջանի ընտրողների գրանցման տվյալների համաձայն՝ նա, հավանաբար, երբեք չի նշել կուսակցական պատկանելություն։

ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերին Ալենը 25 դոլար է նվիրաբերել ActBlue հարթակի միջոցով՝ Քամալա Հարիսի նախընտրական արշավի համար։

LinkedIn-ում նա իրեն ներկայացրել է որպես մեխանիկ ինժեներ, խաղերի մշակող և դասախոս։ Ըստ պրոֆիլի՝ նա ուսանել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech), որտեղ մասնակցել է նաև քրիստոնեական ուսանողական համայնքին։

2025 թվականին նա ստացել է համակարգչային գիտությունների մագիստրոսի աստիճան Կալիֆոռնիայի պետական համալսարանի Դոմինգես-Հիլզ մասնաճյուղում և այդ առիթով հրապարակել է լուսանկար։ Նա նաև մշակել և թողարկել է Bohrdom անվանումով խաղը Steam հարթակում։

Facebook-ում առկա են ընտանեկան լուսանկարներ, որտեղ Ալենը պատկերված է ժպիտով՝ Սուրբ Ծննդյան և ավարտական միջոցառումների ընթացքում։

2024 թվականի դեկտեմբերին նա ճանաչվել է «ամսվա ուսուցիչ» կրթական C2 Education ընկերության կողմից, որը զբաղվում է կրկնուսուցմամբ և քոլեջ ընդունվելու պատրաստմամբ։

LinkedIn-ի տվյալներով՝ նա այնտեղ աշխատել է որպես դասախոս՝ կես դրույքով 2020 թվականից։

Վաշինգտոնում ԱՄՆ դատախազ Ժանին Պիրրոն հայտնել է, որ կասկածյալին առաջադրվել են երկու մեղադրանք՝ բռնի հանցագործության ընթացքում հրազենի օգտագործում և դաշնային աշխատակցի վրա զինված հարձակում։

Նա հավելել է, որ պաշտոնական մեղադրանքները ներկայացվելու են ապրիլի 27-ին դաշնային դատարանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր զորկացությունն է հայտնել Դոնալդ Թրամփին։

Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում:

«Ուրախ եմ լսել, որ նախագահ Թրամփին, առաջին տիկնոջն ու մյուս ներկաներին վտանգ չի սպառնում ու նրանք պահպանում են տոկունությունը Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին հրաձգության տագնապալի պատահարից հետո։Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Նախագահ Թրամփին բարօրություն եմ մաղթում այսօրվա մարտահրավերների ֆոնին»,-ասվում է գրառման մեջ: ։

Ապրիլի 25-ի երեկոյան Washington Hilton հյուրանոցում, որտեղ անցկացվել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա հանդիսավոր ընթրիքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հնչել են կրակոցներ։ Թրամփը և նրա վարչակազմի անդամները տարհանվել են, հյուրերից ոչ ոք չի տուժել։ Կասկածյալը ձերբակալվել է, իսկ միջոցառումը հետաձգվել է։

Ընդունելությանը, բացի ԱՄՆ նախագահից և լրագրողներից, ներկա են եղել առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։