Իրանը առաջարկել է ԱՄՆ-ին ապաշրջափակել Հորմուզի նեղուցը և ավարտել պատերազմը՝ միաժամանակ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղափոխելով ավելի ուշ փուլ։ Այդ մասին ապրիլի 27-ին հայտնել է Axios առցանց պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Հրապարակման համաձայն՝ դիվանագիտական գործընթացը մտել է փակուղի, իսկ Իրանի ղեկավարության ներսում միասնական դիրքորոշում չի ձևավորվել միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու վերաբերյալ։
«Իրանի առաջարկը թույլ կտար շրջանցել այս խնդիրը՝ ավելի արագ հասնելով համաձայնագրի կնքմանը: Սակայն Հորմուզի նեղուցից շրջափակման վերացումը և պատերազմի ավարտը կզրկեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճնշման լծակից ապագա ցանկացած բանակցություններում, որոնք նպատակ ունեն հասնել նրան, որ Իրանը իր հարստացված ուրանի պաշարները տեղափոխի արտասահման և դադարեցնի դրանց հարստացումը», – հավելել են հեղինակները։
Axios-ի փոխանցմամբ՝ երեք ամերիկացի պաշտոնյաներ հայտնել են, որ Դոնալդ Թրամփն ապրիլի 27-ին նախատեսել է խորհրդակցություն անցկացնել ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Աղբյուրներից մեկը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են փակուղի մտած բանակցությունները և հնարավոր հետագա քայլերը։
Միևնույն ժամանակ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանը առաջարկել է բանակցությունները բաժանել երեք փուլի։ Առաջին փուլում նախատեսվում է հասնել համաձայնության պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, երկրորդում՝ քննարկել Հորմուզի նեղուցի կառավարումը, իսկ երրորդում՝ անդրադառնալ միջուկային ծրագրին։ Թեհրանը հրաժարվել է քննարկել վերջին հարցը, քանի դեռ նախորդ երկու կետերով համաձայնություն ձեռք չի բերվել, գրում է Deutsche Welle-ն:
Ապրիլի 26-ին Fox News-ին տված հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ մտադիր է շարունակել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ հույս ունենալով, որ դա մոտակա շաբաթներին կստիպի Իրանին գնալ զիջումների։
Նույն հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ից բանակցողներ այլևս չեն մեկնելու Պակիստան՝ Իրանի շուրջ բանակցությունների համար։
«Եթե նրանք ցանկանան, մենք կարող ենք խոսել, բայց չենք ուղարկի մարդկանց 18-ժամյա ճանապարհի՝ հանդիպման համար», – հայտարարել է նա։
Ավելի վաղ Թրամփը չեղարկել է Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Իսլամաբադ, որտեղ պետք է անցկացվեր բանակցությունների հերթական փուլը։ Նույն օրը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին լքել է Պակիստանը։
Reuters գործակալությունը, հղում անելով իրանական ԶԼՄ-ներին, հայտնել է, որ Արաղչին նախատեսում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու «երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը, ներառյալ իրանա-ամերիկյան հակամարտությունը»։ Իրանի դեսպանությունը նշել է, որ այցը նվիրված է լինելու ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքին, հրադադարին և այլ «հակամարտության շուրջ զարգացումներին»։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Արաղչին հանդիպելու է նաև Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները կավարտվեն «գերազանց գործարքով»։





