Փարիզում ավարտվել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Նա կարևորել է ՀՀ մասնակցությունը երկրի միջազգային բնապահպանական ներգրավվածության ընդլայնման տեսանկյունից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։
G7-ը համախմբում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների առանցքային դերակատարներին, և այս հարթակում մեր մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների ձևավորմանը։
Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։
Հանդիպումների ընթացքում վերահաստատեցի Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև ներկայացրեցի մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում»,-ասվում է գրառման մեջ:
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:





