AM
27 Ապրիլ 2026 - 09:49 AMT

Փաշինյան․ Կշարունակենք և կավարտենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը

Կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նա նշել է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց հատված, որը, թերևս միակ հատվածն է, որտեղ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, զրահաբաճկոնների, և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների, այլ՝ պայուսակների մեջ դրած», հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ սա կարևոր և բացառիկ իրավիճակ է:

Վարչապետը նաև նշել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև տրամաբանական ժամկետներում ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը։

«Օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման հարցը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք»,-ասել է Փաշինյանը։

2024-ին Տավուշի հատվածում սահմանազատվել է 12 կմ տարածք: Փաշինյանը 2025–ի օգոստոսին հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա: