«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը՝ անդրադառնալով անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջարկվող հիմնական փոփոխություններին։
Նրա խոսքով՝ առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի ՌԴ հետ միասնական ՀՕՊ համակարգից հրաժարվելը, հայտնում է Factor.am-ը:
«Մենք պետք է հրաժարվենք Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության ընդհանուր համաձայնագրից։ Պատահական չէ, որ մեր ծրագրում առաջինը հենց դա ենք նշել․ ոչ թե ՀԱՊԿ-ից, այլ նախ պետք է դուրս գալ ՌԴ-ի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։ Առավել ևս, երբ երկրի վարչապետն ինքն է խոստովանել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Հայաստանում անջատված են եղել։ Թե ով է անջատել՝ բնականաբար ոչ հայերը․ դա արել են ռուսները»,– ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ առանց այս խնդրի լուծման Հայաստանի կողմից ձեռք բերվող զինատեսակները կարող են լիարժեք արդյունավետ չլինել։
«Ինչպիսի զինատեսակներ էլ գնենք՝ Հնդկաստանից թե Ֆրանսիայից, միևնույն է, դրանք կարող են շատ արագ վերածվել մետաղի ջարդոնի, քանի որ օդային տարածքում անպաշտպան ենք, և համեմատաբար էժան անօդաչու թռչող սարքերը կարճ ժամանակում կարող են դրանք խոցել»,– նշել է նա։
Արամ Սարգսյանը կարևորել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ նշելով, որ այն պետք է իրականացնել մոտակա մեկից երկու տարվա ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ առավելագույնը երկու տարվա ընթացքում պետք է հրաժարվել ՀԱՊԿ-ից։ Այդ կառույցը չի արդարացրել իրեն 2020 թվականից հետո Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած հարձակումների ընթացքում։ Ավելին՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը․ մի դեպքում նշել է, որ սխալ դիմում է ուղարկվել, մյուս դեպքում՝ որ սահմանները սահմանազատված չեն։ Հետևաբար, որպես ռազմական կառույց, ՀԱՊԿ-ն իրեն ընդհանրապես չի արդարացրել»,– ասել է նա։
Սարգսյանը անդրադարձել է նաև բանակի կառուցվածքային փոփոխություններին՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակի անցման կարևորությունը։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկա հինգ տարիների ընթացքում անցնի պրոֆեսիոնալ բանակի մոդելի։ Սա կոչվում է ինտենսիվ անցում։ Նման օրինակներ կան․ օրինակ՝ Լեհաստանը հինգ տարվա ընթացքում անցել է լիովին պրոֆեսիոնալ բանակի։ Մենք սա համարում ենք լիովին իրատեսական և տեսնում ենք դրա իրականացման հստակ ուղիները»,– նշել է նա։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





