AM
27 Ապրիլ 2026 - 12:14 AMT

Հակոբյանը՝ իր անվան հետ բիզնեսներ կապելու մասին․ «Պարտավոր չեմ սուտը մեկնաբանել»

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր անվան հետ բիզնեսներ կապելուն, ասել է, որ դա սուտ է, և որ ինքը պարտավոր չի սուտը մեկնաբանել:

«Ես բացատրություն չունեմ, և պարտավոր չեմ սուտը մեկնաբանել։ Դա սուտ է։ Իրականությանը չհամապատասխանող կարծիքներ են, որոնք թևածում են արդեն մի քանի տարի շարունակ։ Եթե որևէ մեկը ուզենա, լրատվամիջոցների մասին եմ ասում, շատ հեշտությամբ կհիմնավորի և կբացահայտի այդ սուտը, ես իմ հերթին, ուղղակի ասում եմ՝ այդ բոլոր կարծիքները և այդ բոլոր խոսակցությունները սուտ են, պարզապես սուտ»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:

Նա պնդել է, թե պետք չէ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև իր աձը կապել իշխող ուժի հետ: Լրագրողները հակադարձել են, որ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները իշխանության կողմից արտոնյալ կարգավիճակ են ստանում Աննա Հակոբյանի շնորհիվ:

«Ես ուրախ եմ, որ դուք ձեզ դատավորի դերում եք զգում և ասում եք՝ «դուք բարեգործության օրենք եք խախտում»: Մենք դատարանում կպարզենք՝ խախտում ենք թե չենք խախտում, բայց դուք արդեն, կարծես՝ վերջնական որոշում եք կայացրել։Կան նյուանսներ, որոնք ձեզ հետաքրքիր չեն, բայց էական են, առնվազն դատարանում էական կլինեն, այնպես որ մի շտապեք վերջնական վերդիկտներ հայտարարել, իբր մենք որևէ բան խախտում ենք»,-ասել է Հակոբյանը:

Դիտարկմանը, թե եթե որևէ այլ կուսակցության առաջնորդի կինը նման գործունեություն ծավալի՝ ինքն էլի՞ կասի, թե կանանց իրավունք է խախտվել՝ Հակոբյանը պատասխանել է, որ ինքը շատ դեպքերում է տեսնում և արձագանքում կանանց իրավունքների խախտումներին, նույնիսկ երբ լրատվամիջոցները չեն տեսնում և արտահայտվում դրա մասին։

Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։

«Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։