AM
27 Ապրիլ 2026 - 13:38 AMT

«Ուժեղ Հայաստանի» 4 համակիր է ձերբակալվել․ ՀԿԿ-ն ձայնագրություններ է հրապարակել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 4 համակիր է ձերբակալվել, հայտնում է Արմենպրեսը:

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրեկ են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։

«Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,-տեղեկացրել են կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ է հրապարակել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը։