AM
27 Ապրիլ 2026 - 14:58 AMT

Իոաննիսյան․ Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը

«Անկախ դիտորդ»-ը շարունակում է պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, հայտարարել է հասարակական դաշինքիներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Նա հավելել է, որ, հավանաբար,«տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»:

«Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի:

Այդուհանդերձ, ամենայն հարգանքով Աննա Հակոբյանի նկատմամբ (առանց հեգնանքի եմ ասում, ես իր հետ ՀԺ-ում աշխատել եմ), պետք է նշեմ, որ իր վկայակոչած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում:

Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող:

Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը:

Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից (ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունն այդքան մանրակրկիտ չենք անում)»,-ասվում է գրառման մեջ:

Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։

«Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։