Ներկայիս իշխանությունների կողմից տրամադրվող «հարկային արտոնությունները կոռուպցիոն դրսևորումներ են և ստեղծում են անհավասար պայմաններ բիզնեսի համար», հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը փոդքասթի ժամանակ:
«Այժմ իշխանությունները հարկային արտոնություններ են տալիս, կոնկրետ գործարարներին ազատում են մաքսային տուրքերից։ Սա ամենավատ հարկային արտոնության ձևն է, որն իր մեջ հսկայական կոռուպցիոն ռիսկ ունի»,-ասել է նա:
Նա նշել է, որ նման իրավիճակում նույն ոլորտում գործող մի ընկերություն ստանում է արտոնություն, մինչդեռ մյուսները զրկվում են այդ հնարավորությունից, հայտնում է Panorama.am-ը:
«Գրեթե բոլորը, ովքեր այդ ձևով արտոնություններ են ստացել, հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին, կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ուղղակի կոռուպցիոն դրսևորում է։ Իշխանություններն հարկային արտոնություններ են տալիս փաստացիկաշառքի դիմաց»,- ասել է Քոչարյանը։
Քոչարյանը նաև ընդգծել է, որ իր պաշտոնավարման տարիներին նման մոտեցում չի կիրառել, և եթե արտոնություններ տրամադրվել են, ապա դրանք վերաբերել են տվյալ ոլորտի բոլոր տնտեսվարողներին՝ բացառելով անհատական որոշումների հնարավորությունը պաշտոնյաների կողմից։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





