Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի և այլ քննիչների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմամբ ենթադրյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու հոդվածով մեղադրյալի աթոռին է հայտնվել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը, ինչը հայտնի է դարձել «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 00:18-ին, Facebook սոցիալական հարթակում այլ օգտատերերին հասանելի հրապարակային ձևով, քննչական մարմնի ղեկավարի և քննիչների օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ, գրում է Factor.am-ը:
Ըստ ամենայնի, վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի լուսանկարին կից արված հետևյալ գրառումը. «Այս անսկզբունք ծաղրածուն դեռ 2025 թվականի հունիսի 30-ին հրապարակայնորեն ապացուցեց, որ ծառայում է ոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագար նեռի քմահաճույքներին։ Նրա գլխավորած կառույցն այժմ գործի է անցել և, ստացված հրահանգով, ամեն գնով փորձում է խոչընդոտել առաջիկա եպիսկոպոսաց ժողովը, մինչդեռ քննչականի տղերքը զբաղված են տուն պահելով ու խուսափում են լուրջ քայլերից, որպեսզի կարիերան վտանգի տակ չդնեն՝ առաջնորդվելով «մենք ո՞վ ենք, որ ինչ-որ բան փոխենք» մտածելակերպով։ Կարևորը բարձր գոռացեք, որ պետություն ունենք»։
Հիմնադրամի նախկին տնօրենը նաև ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր է եղել և հրապարակել է խիստ քննադատական գրառումներ իշխանության հասցեին՝ հաճախ արտահայտելով աջակցություն Հայ Առաքելական եկեղեցուն և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նշված հրապարակման մեջ հիշատակված ամսաթվից առաջ տեղի է ունեցել հոգևորականի կալանավորումը։
Մհեր Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կապված քննիչի, քննչական մարմնի ղեկավարի կամ հետաքննության մարմնի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքի, նրանց մասին տեղեկություն հրապարակելու կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ տարածելու հետ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Նշված արարքը նախատեսում է պատիժ՝ ազատության սահմանափակմամբ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուից հինգ տարի ժամկետով։
Քրեական գործը ապրիլի 9-ին մուտք է գործել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Արփինե Շտոյանին։ Առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 30-ին։





