AM
28 Ապրիլ 2026 - 07:40 AMT

Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվել է։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու խափանման միջոց կիրառել կալանքը՝ 2 ամիս ժամկետով, հայտնում է Aysor.am-ը:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով նրա կալանավորմանը, գրել է, որ մարդուն «ձերբակալել են ծրագրային թեզեր հնչեցնելու համար»:

«Աբսուրդ մեղադրանքով հերթական ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի Արթուր Ավանեսյանի՝ «Կանդազի» ձերբակալությունն այդ շարքից է:

Պատկերացրե՛ք, ձայնագրությունում նա ասում է. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան (և՛ աշխատանքը կլինի, և՛ հողը կլինի, և՛ տունը կլինի): Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը: Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ:

Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար, դե իսկ նրանց իրավախախտումները կարող են քննվել միայն իրենցից հետո»,-ասվում է գրառման մեջ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ Ավանեսյանի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է:

«Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են

Հրապարակված ձայնագրության մեջ ո՞ր գործողությունն է հանդիսանում քրեորեն պատժելի արարք։ Ընդհանրապես, ո՞ր արտահայտությունն է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ։ Կարծում եմ՝ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ հրապարակված ձայնագրություններում Արթուր Ավանեցյանի՝ Կանդազի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է:

Ուժեղ Հայաստանում հերոսներն արժանանալու են պատվի ու հարգանքի»,-գրել է նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ապրիլի 27-ի առավոտյան, մեղադրվում է ընտրակաշառքի գործով: Նա մեղադրանքը չի ընդունում: