AM
28 Ապրիլ 2026 - 07:49 AMT

Բաղդասարյան․ Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հերքելով նման պայմանավորվածության մասին տարածվող տեղեկությունները:

«Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։

Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով։»,- գրել է Բաղդասարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, որ կառավարության օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատումն ամփոփելու հարցը։