AM
28 Ապրիլ 2026 - 08:22 AMT

Կոստանյան․ TRIPP-ը միայն Ադրբեջան-Նախիջևան կապ չէ, այն տարածաշրջանային ռազմավարական նախագիծ է

TRIPP նախաձեռնությունը ունի շատ ավելի ընդգրկուն նշանակություն, քան միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում քննարկման ժամանակ:

«TRIPP-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև փոխադարձ օգուտների ապահովման հանձնառությունը հասկանալու համար»,- նշել է նա։

Նա շեշտել է, որ նախագծի լիակատար սեփականատերը Հայաստանն է։

«Սա նաև գործնականում նշանակում է, որ Հայաստանի հարավային հատվածը կարող է կապվել հյուսիսային հատվածի հետ՝ օգտագործելով Նախիջևանի երկաթուղին։ Այն ապաշրջափակմամբ, որը տեղի կունենա, մենք հնարավորություն կունենանք կապել ոչ միայն Արևելքն Արևմուտքի հետ, այլև Ծոցը Սև ծովի հետ, ինչը հսկայական փոփոխություն կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Մենք շատ հետաքրքրված ենք այս նախագծի իրականացմամբ«-ասել է Կոստանյանը:

Նա հավելել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում ամերիկացի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես են պատրաստվում Հայաստանում ստեղծել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։

Փոխնախարարը հավաստիացրել է, որ արդեն մեկնարկել է ոչ միայն իրագործելիության ուսումնասիրությունը, այլ նաև հենց տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, քանի որ օգոստոսի 8-ից հետո, օրինակ, կա Ղազախստանից՝ Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային համակարգերով հացահատիկ ներմուծելու նախադեպ:

«Սա վառ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է տարածաշրջանային համագործակցությունն աշխատել, և ինչպես լրացուցիչ փոխկախվածությունների ստեղծումը տարածաշրջանում կարող է մեծապես նպաստել կայունության և խաղաղության հաստատմանն այդտեղ։

Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա երկու երկրների առաջնորդներն էլ օգոստոսի 8-ից հետո բազմիցս նշել են, որ խաղաղությունն արդեն հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն գործընթացները, որոնք այժմ ընթանում են, նախընտրում ենք անվանել «խաղաղության ինստիտուցիոնալացում»՝ ձեռնարկելով մեր երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու և ավելի խորացնելու ուղղությամբ հետագա քայլեր:

Արդեն սկսել ենք երկկողմ ուղիղ առևտուրը՝ Ադրբեջանից վառելիքի ներմուծմամբ, և հուսով ենք, որ մոտ ապագայում դա տեղի կունենա ևս՝ արդեն հստակեցրել ենք, թե ինչ ենք արտահանելու Հայաստանից Ադրբեջան։

Միևնույն ժամանակ աշխատում ենք նաև մարդկանց միջև շփումների ուղղությամբ․ կազմակերպվում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Հատկանշական է, որ մենք հանդիպումներ ենք ունենում ոչ միայն արտասահմանյան երկրներում, այլև հենց Հայաստանում և Ադրբեջանում»«-ասել է Կոստանյանը:

Նա նշել է նաև, որ կա շատ կարևոր ձևաչափ, որը հաստատվել է վրացի գործընկերների հետ՝ արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ խորհրդակցությունների տեսքով:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։