Հրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի՝ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները․ տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Դրանք հրապարակվել են ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ:
«Ներքին գործերի նախարարության հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։
«Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





