ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակել է կառույցի բարեփոխման վերաբերյալ իր առաջարկները՝ նշելով, որ լրամշակված տարբերակը հետագայում ուղարկվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական առաջատար ուժերին։ Նշվում է, որ արդյունքներն ամբողջացնելով, հստակ դիրքորոշում կձևավորեն քաղաքական ուժերի նկատմամբ:
Առաջարկներից մեկով ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ:
«Առաջարկություններ (ԱԱԾ զարգացման վերաբերյալ)
- Համակարգն ապաքաղաքականացվելու է, օրենսդրորեն պատասխանատվություն է սահմանվելու ԱԱԾ-ն քաղաքական կամ անձնական այլ բնույթի գործընթացներում ներգրավելու համար: ԱԱԾ-ում ծառայության չափանիշները լինելու են հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը, սահմանվելու է հասարակության վստահության բարձր նիշ։
- ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ, նա չի կարող պաշտոնից կամայական որոշմամբ ազատվել, երկրի ղեկավարը նման որոշում կայացնելու դեպքում հաշվետու է լինելու ՀՀ Ազգային ժողովին։
- Օրենսդրորերն հստակեցվելու է երկրի քաղաքական ղեկավարի իրավասության շրջանակներն ԱԱԾ գործունեությանը միջամտելու, կառույցին հանձնարարականներ տալու, հատկապես օպերատիվ աղբյուրների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու առումով, բացառվելու է գործակալական ցանցի նկատմամբ ցանկացած կամայական վերաբերմունք, նման բնույթի տեղեկությունները չեն գաղտնազերծվելու և չեն հրապարակվելու։
- ԱԱԾ գործող աշխատակիցները ստանալու են դատա-դատախազական համակարգին հավասարազոր աշխատավարձ, ունենալու են բնակարանի, հանգստի, իրենց և իրենց ընտանիքի անդամների ուսման, առողջապահական, գույքահարկից և հնարավոր այլ պետական վճարներից ազատման, ցածր տոկոսադրույքով վարկավորման և այլ ուղղություններով հստակ սոցիալական երաշխիքներ։
- ԱԱԾ համակարգում վերականգնվելու է քննչական մարմինը, մասնագիտական շրջանակներում քննարկվելու է հետախուզությունը և պետական պահպանության ծառայությունը ևս վերականգնելու նպատակահարմարությունը։
- Օպերատիվ-տեխնիկական, որոնողական, բարձր տեխնոլոգիաների հետ կապ ունեցող ստորաբաժանումներն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ բարձրակարգ աշխատակիցները ստանալու են IT ոլորտի մասնագետներին հավասարազոր աշխատավարձ։
- Երկրի տնտեսության ազատականացման, ինչպես նաև մյուս իրավապահ մարմինների հետ նույն գործառույթը չկրկնելու նպատակով ԱԱԾ-ից հանվելու է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ֆունկիցան, փոխարենն ուժեղացվելու է պետական բոլոր օղակների, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ հսկողությունը, թմրամիջոցների, զենքի մաքսանենգության, փողերի լվացման, ստվերային կրիպտո գործարքների դեմ պայքարը:
- Բարձրացվելու է ԱԱԾ կրթական հաստատության կարգավիճակը, ներդրվելու են ժամանակակից կրթական ծրագրեր, ապահովվելու է բարձրակարգ նյութատեխնիկական բազա, սարքեր-սարքավորումներ։
- Ստեղծվելու են սուբյեկտիվ պատճառներով ԱԱԾ-ից հեռացած, հեռացված աշխատակիցներին համակարգ վերադարձնելու պայմաններ, կադրային անարդար որոշումներ այլևս չեն լինելու, ներդրվելու է մեխանիզմ գործող աշխատակիցների օրինական շահերը կամայականությունից պաշտպանելու համար։
- ԱԱԾ պահետազորում գտնվող աշխատակիցները լինելու են պետության հովանու ներքո, նրանց ներուժն օգտագործվելու է պետական և մասնավոր ոլորտներում։
- Ավանդույթի ուժով Դեկետեմբերի 20-ը վերականգնվելու է որպես ԱԱԾ աշխատակցի օր»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





