AM
28 Ապրիլ 2026 - 13:23 AMT

«Հայաքվեն» ԵՄ-ին կոչ է արել հետաձգել Երևանում կայանալիք Եվրոպական գագաթնաժողովը

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը դիմել է Եվրամիության անդամ երկրներին՝ կոչ անելով վերանայել իրենց մասնակցությունը Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և քննարկել դրա հետաձգման հնարավորությունը։

Միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդարանի նախագահին

«Միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, սակայն այս գագաթնաժողովը, որն անմիջապես նախորդելու է հունիսին կայանալիք` Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին, գործող իշխանություններին, անձնապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ քաղաքական աջակցության տարրեր է պարունակում։ Նման մոտեցումը կստեղծի անհավասար պայմաններ Հայաստանում գործող մյուս քաղաքական ուժերի համար և կխաթարի արդար ժողովրդվարական մրցակցության սկզբունքները։

Հայաստանն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար` կարևոր է, որ միջազգային դերակատարները խուսափեն ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես ուղիղ ներգործություն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանման վրա։ Ժողովրդավարական գործընթացները պետք է զերծ մնան արտաքին քաղաքական ազդեցություններից, որոնք կարող են ընկալվել որպես կողմնակալություն կամ անուղղակի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Գործող իշխանությունների ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ, առանց հավասարակշռված և ազգային կոնսենսուսի, վտանգում է երկրի հետագա կայունությունը և կարող է խորացնել ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից աճող ճնշումների համատեքստում։

Ուստի եվրոպական առաջնորդներն ու հաստատությունները պետք է ցուցաբերեն ռազմավարական պատասխանատվություն՝

զերծ մնալու նմանատիպ միջոցառումներին մասնակցությունից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ուղիղ ընտրական աջակցություն գործող ռեժիմին, պահպանել չեզոքություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում` առաջնահերթություն տալով երկարաժամկետ տարածաշրջանային կայունությանը և ոչ թե կարճաժամկետ դիվանագիտական սիմվոլիզմին, դիտարկել մայիսի 4-ին նախատեսված` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելը հետաձգելու հնարավորությունը խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն իսկ ձևավորված կլինի նորընտիր խորհրդարան և հաստատված կլինի նոր` ժողովրդական, օրինական իշխանություն` պատրաստ հյուրընկալելու այս կարևոր միջոցառումը։

Հայաստանի ապագան պետք է որոշվի իր իսկ ժողովրդի կողմից՝ իրական քաղաքական բազմակարծության և արդարության պայմաններում, այլ ոչ թե արտաքին ուժերի ազդեցության ստվերի ներքո։

Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը»,-ասվում է նամակ-դիմումում:

Երևանում մայիսի 4-ին անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։