ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող Շիրակի մարզի տեղամասում Բանգլադեշի երեք քաղաքացի փետրվարին փորձել է քաղաքացիների համար արգելված վայրով մուտք գործել Վրաստան։ Դատարանի որոշմամբ նրանք արտաքսվել են ՀՀ-ից, հայտնում է Auroranews-ը:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նրանք մտադիր են եղել անցնել սահմանային շերտ մուտք գործելու մասին նախազգուշացնող վահանակները և առանց պատշաճ թույլտվության ու անհրաժեշտ փաստաթղթերի հատել ՀՀ պետական սահմանը՝ շրջանցելով սահմանված անցման կետերը:
Դեպքը գրանցվել է այս տարվա փետրվարի 24-ին։ ԱԱԾ սահմանապահները հայտնաբերել են Մուրադ Հոսսանիին, Շակիլ Խանին ու Ռազիբ Ահմեդ Խանին և կանխել հանցագործության իրագործումը։
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, բանգլադեշցիներին մեղավոր է ճանաչել։ Չնայած մեղադրյալների կողմից սեփական մեղքն ընդունելուն՝ դատարանը եզրահանգել է, որ միայն այդ հանգամանքը բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացման համար։ Ըստ դատարանի որոշման՝ պատժի նպատակներին հասնելու համար Մուրադ Հոսսանին, Շակիլ Խանը և Ռազիբ Խանը պետք է կրեն նշանակված պատիժը։
Բացի այդ, որպես լրացուցիչ պատիժ, նրանք 5 տարի ժամկետով կվտարվեն Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն։





