Հայաստանի համար խաղաղություն ապահովող պայմանագիրն այսօր իրականում TRIPP-ն է, որի իրականացումը հնարավոր է միայն մի քանի պայմանների դեպքում, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«TRIPP-ի իրագործումը հնարավոր է միայն մի քանի պայմանների դեպքում․ երբ տեղի ունենա Հայաստանի ամբողջական ապաշրջափակում, Հայաստանից ադրբեջանական զինված ուժերը դուրս գան, այսինքն՝ դեօկուպացվի»,- նշել է Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ նշված պահանջները չկատարելու դեպքում TRIPP-ի իրականացումը հնարավոր չի լինի:
«Մենք բանակցելու ենք ամերիկյան իշխանությունների հետ, այդ թվում՝ Թրամփի հետ։ Այլ ոչ թե այսօրվա իշխանության նման, որը թաքցնում և «մսխում է» ամերիկյան ամբողջ միջնորդությունը, այդ թվում՝ հլու-հնազանդ կատարում է ադրբեջանական պահանջները՝ ամերիկյան միջնորդությունը ու հեղինակությունը հեղինակազրկելով»,- ասել է Թաթոյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





