AM
29 Ապրիլ 2026 - 11:05 AMT

Մոսկվայի Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի՝ 2007-ից ի վեր առաջին անգամ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին ռազմական տեխնիկայի շարասյուն չի մասնակցի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Սուվորովի և Նախիմովի ռազմական ուսումնարանների սաները, կադետական կորպուսները, ինչպես նաև ռազմական տեխնիկայի շարասյունը, ընթացիկ օպերատիվ իրավիճակով պայմանավորված, այս տարի չեն մասնակցի ռազմական շքերթին», — հայտարարել է գերատեսչությունը իր տելեգրամյան ալիքում, գրում է Meduza-ն:

Միևնույն ժամանակ նախարարությունը հավելել է, որ շքերթին կմասնակցեն ինքնաթիռները:

«Z-ալիքները դեռ մի քանի շաբաթ առաջ սկսել են շրջանառել տեղեկություններ այն մասին, որ Մոսկվայի Հաղթանակի շքերթը կանցկացվի սահմանափակ ձևաչափով»,-ասվում է հրապարակման մեջ։

Նախորդ անգամ Մոսկվայում Հաղթանակի շքերթն առանց ռազմական տեխնիկայի անցկացվել է 2007 թվականին։

Վերջին ամիսներին Ուկրաինան ակտիվորեն հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող արդյունաբերական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այսպես, վերջին ամիսներին վնասներ են կրել Բալթիկայում գտնվող նավահանգիստները, ինչպես նաև Տուապսեի նավթավերամշակման գործարանը։

Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին վերջերս հայտարարել է, որ «Ռուսաստանի խորքում՝ հազարուկեսից երկու հազար կիլոմետր հեռավորությունը այլևս խաղաղ թիկունք չէ»։