AM
29 Ապրիլ 2026 - 11:18 AMT

Վարդապետյանը հավաստիացրել է, որ հոգևորականների մասով արհեստական օրակարգեր առաջ չեն տանում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով հոգևորականների նկատմամբ հարուցված վարույթներին, ասել է, որնպատակադրված են այդ վարույթներն ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում։

«Որ մեկնաբանություններ չլինեն, թե ձգձգում են, արհեստական օրակարգեր են առաջ տանում, ընդհակառակը, ամեն ինչ արվում է, որ վայրկյան առաջ ձեռք բերվեն անհրաժեշտ ապացույցները և որոշում կայացվի՝ արդյոք գործը ենթակա՞ է դատարան ուղարկվելու, թե՞ ոչ»,- ընդգծել է Գլխավոր դատախազը, հայտնում է Aysor.am-ը:

Նա չի մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ դրույթը։

«Դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս»,- ԱԺ-ում հայտարարել է նա։

Նա նշել է, որ դատախազությունը գնահատականներ տալիս է այն փաստաթղթի շրջանակում, որը կոչվում է քրեական հետապնդման հարուցում, դրանից հետո էլ տալիս է հաստատված մեղադրական եզրակացությամբ։

«Դրանից հետո գործը գնում է հրապարակային դատաքննության, և մեր բոլոր փաստարկները հրապարակային դատաքննությամբ ներկայացվում են, քննարկվում են, դատարանի կողմից որոշումներ են կայացվում»,- ընդգծել է Վարդապետյանը։

Նա նշել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, հետևաբար քաղաքական հայտարարություններին չի անդրադառնում։

ՔՊ նախընտրական ծրագրում ամրագրված են եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման կետեր: Մայր Աթոռը հայտարարել է, որ «որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի»։