AM
29 Ապրիլ 2026 - 13:20 AMT

Մարտի 1-ի գործով «Չերյոմուխայի» կիրառման դրվագը կուղարկվի դատարան

Մարտի 1-ի գործով առաջիկայում դատարան է ուղարկվելու «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառման հետ կապված դրվագը, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Աժ-ում՝ պատասխանելով պատգամավոր Անուշ Քլոյանի հարցին, հայտնում է Արմենպրեսը:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Պատգամավորը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռին, նշել է, որ դատարանը արձանագրել է պետության կողմից մահաբեր ուժի կիրառումը, անհամաչափ գործողությունները և արդյունավետ քննության բացակայությունը՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է վճռի կատարումը և գործի քննությունը։

Գլխավոր դատախազը պատասխանել է, որ Եվրոպական դատարանի վճիռների կատարումը պարտադիր է, սակայն դրանք չեն փոխարինել ներպետական դատական ակտերին։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը կատարել է մի շարք կարևոր արձանագրումներ, որոնք հիմք են դարձել նոր մեղադրանքների առաջադրման և գործերի դատարան ուղարկման համար։

«Եվրոպական դատարանը հստակ արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների նշանների՝ մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունները»,- նշել է Վարդապետյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը դարձել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքների հիմք։

Գլխավոր դատախազի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձությունները պետք է դիտարկվեն որպես շղթայական գործողությունների հետևանք։

«Չի կարելի տարանջատել 10 անձանց սպանությունը․ դա հետևանք է մարտի 1-ի առավոտից սկսած գործողությունների, որոնցում ներգրավված են եղել ոչ միայն ոստիկանությունը, այլև զինված ուժերը»,- ասել է նա։

Նրա ներկայացմամբ՝ Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիման վրա ձևավորվել է իրավական մոտեցում, ըստ որի՝ խոսքը վերաբերում է բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցմանը, որը համարվում է խոշտանգում կամ խոշտանգմանը հավասարեցված վարքագիծ և չի ենթադրել վաղեմության ժամկետ։

Վարդապետյանը տեղեկացրել է, որ արդեն դատարան են ուղարկվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք գործեր, որոնք գտնվում են դատաքննության փուլում։ Նմանատիպ տրամաբանությամբ քննվել են նաև Վալերի Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի դրվագները, իսկ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման դրվագով։

«Առաջիկայում դատարան կուղարկվի նաև «Չերյոմուխայի» կիրառման հետ կապված դրվագը։ Եվրոպական դատարանը կարևոր արձանագրում է անում, որ առանց պատշաճ պատրաստվածության և սահմանված կարգի նման միջոցների կիրառումը առաջացնում է հետևանքներ, որոնց համար պատասխանատու են ոչ միայն անմիջական կիրառողները, այլև նրանք, ովքեր թույլ են տվել դրա կիրառումը»,– նշել է գլխավոր դատախազը։

Նա նաև հավելել է, որ դատարան ուղարկված գործերը դեռ կհամալրվեն նոր մեղադրանքներով, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ, որոնք, ըստ քննության տվյալների, ներգրավված են եղել զինված ուժերի օգտագործման գործընթացում։

2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր։ Բողոքի ակցիաները ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը և իր կողմնակիցները չեն համաձայնել ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Ցուցարարները վրաններ են տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և անցկացրել երթեր ու ակցիաներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ 2008 թվականի մարտի 1-ին տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ և բախումներ ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, որոնցից երկուսը՝ ոստիկանության աշխատակիցներ։