AM
29 Ապրիլ 2026 - 13:34 AMT

Թանդիլյանը՝ Ավանեսյանին․ Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ ՀՀ, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող՝ պատրաստ եմ ուղեկցել

«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը, անդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այն խոսքերին, որ գերիների առողջական վիճակի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, հորդորել է չսահմանափակվել միայն հայտարարություններով, այլ այցելել Բաքու՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

«Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող»,-հարց է բարձրացրել նա՝ պատրաստակամություն հայտնելով ուղեկցել նախարարին նման այցի դեպքում:

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»։

Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։

Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։

Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։

Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։

Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։ Կսպասեմ արձագանքի»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Գնալով ավելի դժվար է դառնում Բաքվում ապօրինի դատապարտված հայերի և նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալը։ Նա հավելել է, որ ընտանիքների հետ հեռախոսազանգերի ընթացքում հայերը հաճախ են բողոքել առողջական խնդիրներից, և երբեմն ձայնի փոփոխությունը կամ խոսելու դժվարությունները վկայել են շնչառական կամ թոքային խնդիրների մասին։

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը», որը սկսվել է 2025 թվականի հունվարին, ավարտվել է, և 2026 թվականի փետրվարի 5-ին հրապարակվել են դատավճիռները։ Դրանցով մի շարք նախկին պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, այդ թվում՝ ցմահ։ 2026 թվականի փետրվարի 17-ին ավարտվել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը, որի արդյունքում նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։