«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արտաշատի գրասենյակի անդամներից 5 անձի նկատմամբ այս պահին կիրառված է տնային կալանք խափանման միջոցը։ Այդ մասին ասել է փաստաբան Յուրա Իվանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդնել էր 12 անձի նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց։ Ավելի վաղ ապրիլի 16-ին հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր կուսակցության Արտաշատի գրասենյակի 14 ներկայացուցչի ձերբակալության մասին:
«Ընդհանուր 5 անձ է տնային կալանքի տակ, դատարանը Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը մասնակի էր բավարարել։ Երկու անձի վերաբերյալ դատարանը մերժեց խափանման միջոցի կիրառումը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Մենք մի երևույթի հետ գործ ունենք, որ մարդիկ աշխատանքի են ընդունվում և պետք է բուկլետներ բաժանեն, քարոզչություն իրականացնեն, այնուհետև դրա համար վարձատրվեն, բայց իրավապահները դա որպես քողարկված կաշառք են բնութագրում»,- ասել է Իվանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, հիշյալ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված ձևով, տրամադրել են ընտրակաշառք։: Կից ներկայացվել է նաև նաև համապատասխան ձայնագրություններով տեսանյութ։
Կոմիտեն նշել է, որ հավելյալ պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը, այն պայմաններում, երբ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով նշանակված են եղել Ազգային ժողովի հերթական ընտրությունները, խախտել է ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։ Բացի այդ, ստացվել են տեղեկություններ, որ քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հանրահավաքներին մասնակցելու նպատակով։
Նշված դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են մի շարք խուզարկություններ, և արդյունքում հինգ անձ ձերբակալվել են։
Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ոչ միայն ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակի անդամներին, այլև հրապարակել է ձայնագրություն, որտեղ, ենթադրաբար, տվյալ ուժի ներկայացուցիչներն ու նրանց հետ համագործակցող ՀԿ-ներում որպես աշխատակից գրանցված անձինք քննարկել են Արտաշատ համայնքի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու հարցը։
Ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամներ՝ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն։





