«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաքվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր, հայտնում է «Հայաքվեն»:
Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ներկայությամբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այդ նպատակով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաքվե» միավորումը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։
Հանդիպմանը ներկա էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Փետրվարին «Հայաքվեն» հուշագիր էր ստորագրել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ: Սակայն ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը:





