«Ուժեղ Հայաստանը» գնում է «բացարձակ հաղթանակի՝ հիշելով» մյուս ուժերի առաջնորդներ «Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները», ասել է կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը։
«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այսօրվա դրությամբ ունենք երկու կոնկրետ դիրքորոշում այդ սահմաններում ենք աշխատում։ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
«Ես այն մարդն եմ, ով Ռուսաստանից Հայաստան է վերադրձրել հիմնական ռազմավարական ակտիվները։ Փաշինյանի այդքան սիրած Էլեկտրական ցանցերը ես վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը նույնպես վերադարձրել եմ Հայաստանին, ինչպես նաև՝ Սևան-Հրազդան կասկադը, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»,-հայտարարել է Կարապետյանը։
Նա նշել է, որ մտահոգություններ չունի, թե իր նկատմամբ Ռուսաստանից կարող են ճնշումներ գործադրվել, և նույնիսկ նման քայլերի դեպքում չի փոխի իր դիրքորոշումը։
Պատասխանելով հարցին, թե որտեղից վստահությունը, որ առաջիկա ընտրություններում հաղթելու են՝ Կարապետյանն ասել է. «Մեզ վստահություն է ներշնչում մեր ժողովուդը, բոլոր հարցումները, մեզ վստահություն ներշնչում է Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգը։ Այնպես է ստացվել, որ կալանքում գնտնվելով նույնպես հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին»։
Կարապետյանը նաև արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի վերաբերյալ հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե եթե հունիսի 7-ին ինքը չընտրվի, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։
«Պատերազմ չի լինելու, քանի որ սեպտեմբերին չի լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ին սպառնում է 2 մարդ՝ Փաշինյանն ու Ալիևը»,- ասել է Կարապետյանը հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում։
Նա անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում ընթացող դատավարության ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին՝ նշելով, որ վերջինս իր մտերիմ ընկերն է։
«Ռուբեն Վարդանյանի հետ մենք լուրջ ընդհանրություն ունենք։ Պետք չէ անհանգստանալ, շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է։ Ձևավորելով կառավարություն՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ համոզված է՝ գերիների վերադարձը հնարավոր է ապահովել իրենց քաղաքական ուժի միջոցով՝ կիրառելով միջազգային լուրջ հնարավորություններ։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





