ՀՀ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդր Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել` կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությանը և այն կուղարկի Սահմանադրական դատարան՝ համապատասխանության գնահատման նպատակով։ ԱԳՆ-ն համապատասխան նախագիծ է մշակել, հայտնում է Factor.am-ը:
Դրանից հետո փաստաթուղթը ենթակա է լինելու Ազգային ժողովի կողմից վավերացման։
Հունվարի 16-ին Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։ Հայաստանը 2026 թվականի հունվարի 22-ին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրել է այդ կանոնադրությունը, և նույն օրը խորհրդին միացել է նաև Ադրբեջանը։
ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդգծել է, որ կանոնադրության մեջ ներառված են դրույթներ, որոնք նախատեսում են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ՝ կապված պետական բյուջեի ծախսերի ավելացման հետ։ Սակայն, թե ինչ չափի և բնույթի ծախսերի մասին է խոսքը, ԱԳՆ-ի նախագծում չի մանրամասնվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել էր, որ «Խաղաղության խորհրդում» մշտական անդամ դառնալու ցանկություն ունեցող պետությունները պետք է առնվազն 1 միլիարդ դոլարի նվիրատվություն կատարեն։ Դրան հաջորդած մեկնաբանությամբ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանը միացել է խորհրդին առանց անդամավճարի պարտադիր մասնակցության։
«Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասել էր ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Եվրոպայից նախաձեռնությանը միացել է միայն Հունգարիան, մինչդեռ Ֆրանսիան և մի շարք առաջատար երկրներ մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ այս ձևաչափը կարող է մրցակցել ՄԱԿ-ի հետ։





