Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող նոր ձայնագրություն և կոչ արել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ:
Ըստ ձայնագրության՝ «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող անձը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ բնակիչ, ազգությամբ հայ քաղաքացու հետ՝ ՀՀ քաղաքացիների կողմից իրենց օգտին քվեարկություն ապահովելու շուրջ: Փոխարենը խոստանում է աջակցություն «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՌԴ-ում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալու հարցում:
«էդ Ֆորա բանկի բանը քրոջ տղեն ա, հա՞: Հիմի չարխերը կա, ջոկո՞ւմ ես, մենք իրանց պիտի օգնենք, իրանք էլ մեզ: Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք, մեծ փող կարելի ա վերցնել ու սաղ պրծնեմ: Ասա՝ ախպեր, մեր ախպերը մեր համար լիքը չարխեր ա անում, ասա հա՞, օգնենք ախպերն ինքն էլ ընդեղ ա, սա ստրոյկա ա վերցրել մեծ, ախպեր, էնպես չի, որ իրան ասում ենք՝ մեզ պարտքով փող տա, Սա՛մ, ջոկի՞ր»,- ասվում է ձայնագրությունում։
«Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է արտասահմանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում՝ նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ և զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով ՀՀ-ում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց՝ զգուշացնելով, որ բոլոր նման դեպքերը գտնվում են Կոմիտեի մշտական ուշադրության ներքո և անխուսափելիորեն արժանանալու են խիստ ու համարժեք իրավական արձագանքի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





