AM
30 Ապրիլ 2026 - 11:12 AMT

ՀՀ-ում 170 մլրդ դրամի ներդրումով կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և Data Center-ը

«Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրով ՀՀ-ում կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի Արհեստական Բանականության (ԱԲ) լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում: Կառավարությունն ընդունել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում:

Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ իրականացնելով ընդհանուր մոտ 170 մլրդ դրամի ներդրում, որից 5․7 մլրդ դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, 139․8 մլրդ դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման, 24․5 մլրդ դրամը հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլրդ դրամ։