ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկությունները, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որն ապրիլի 29-ին Երևանում էր, ցանկացել է այցելել Ջուջևան՝ նշելով, որ նման հարց չի քննարկվել, հայտնում է Factor.am-ը:
Լուրեր էին տարածվել, թե Մուստաֆաևը մտադրություն է ունեցել այցելել իր ծննդավայր։
Խոսելով Մուստաֆաևի և գործարարների հանդիպման մասին՝ վարչապետը հայտնել է, որ իրեն հայտնի է մասնակիցների ցանկը, սակայն ինքը չի հրապարակելու այն՝ գործարարներին «լուսանցքային խմբակների կողմից բուլինգի» չենթարկելու համար։
Արձագանքելով այն հարցին, թե արդյոք Մուստաֆաևի Հայաստան այցի նպատակը նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցություններն են՝ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի հետ երբեք նման հարց չեն քննարկել և չեն քննարկում, հայտնում է 1lurer.am-ը:
«Ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետև, ակնհայտորեն, երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել, և հաճախ այդպես էլ պատահում է:
Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրենց համար, երկրորդ հարցն են էսկալացնում: Այսինքն՝ սա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին:
Կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում՝ ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Օրինակ՝ 100 տոկոսով համոզված եմ, որ կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում և ինչի համար է ասում: Իրեն հանձնարարում են, ինքն ասում է, ինքը չի հասկանում՝ ինչի մասին են խոսում: Ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում: Սա էժան քաղաքական շահարկում է: Ես հստակ պատասխանեցի, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք»,- ասել է նա։
Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման գործընթացի կազմակերպման, քարտեզագրման և փաստաթղթերի ձևակերպման կարգերին վերաբերող ուղեցույցների նախագծերը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բեռնափոխադրումների, նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական համագործակցության հարցեր։





