AM
30 Ապրիլ 2026 - 13:20 AMT

Կարապետյանը` թիմակիցների կալանավորումների մասին․ «Մենք ավելի շատ ենք»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար և առաջիկա խորհրդարանական ընտրություններին վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, պատասխանել այն հարցին, թե ում հետ է մասնակցելու ընտրություններին, եթե իր բոլոր թիմակիցներին կալանավորեն, ասել է, որ իրենք ավելի շատ են:

«Վերջը կգնան (ՀՀ իշխանություններին նկատի ունի – խմբ․) իրենց թիմակիցներին էլ կկալանավորեն։ Իրենք ավելի քիչ են, քան մենք։ Հետևաբար մենք ամեն դեպքում կհաղթենք»,- ասել է Կարապետյանը, որը ոստիկանության ուղեկցությամբ ներկայացել էր դատարան, հայտնում է Sputnik Արմենիան:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանում և Ֆրանսիայում ունի խնդիրներ կամ կանգնած է հնարավոր սնանկացման առաջ, նա արձագանքել է ծիծաղով՝ հավելելով, որ նման պնդումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևակայության արդյունք են և չպետք է լուրջ ընդունվեն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակի 3 անդամ այժմ կալանավորված է, Արտաշատի գրասենյակի 5 անդամ էլ տնային կալանքի տակ է։ Ըստ իրավապահ համակարգի, այս անձինք փորձել են քողարկված ընտրակաշառք բաժանել՝ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։