Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը և նույն քաղաքական ուժի ցուցակով պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։ Հանդիպման հիմնական թեման կապված է եղել հունիսի 7-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ադրբեջանից եկող հնարավոր արտաքին միջամտության հետ, որը դիտարկվել է որպես սպառնալիք Հայաստանի ժողովրդավարությանն ու ընտրողների անվտանգությանը։
Քննարկման ընթացքում ԵՄ պատվիրակությանը ներկայացվել են ապացույցներ, որոնք, ըստ ներկայացնողների, հաստատել են ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ կապված Հայաստանի դեմ պատերազմի հավանականության, նոր տարածքային պահանջների և այլ սպառնալիքների հետ, եթե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցությունը չվերընտրվեն։
Նշվել է նաև, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն ադրբեջանական սպառնալիքները օգտագործել է որպես գործոն ընտրական գործընթացում՝ ուղղված ընդդիմության և ընտրողների դեմ»։
Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը գրավոր դիմել է Հայաստանում ԵՄ դեսպանին՝ առաջարկելով ռուսական ազդեցությանը հակազդելու հանձնառությանը զուգահեռ ուշադրություն դարձնել նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին՝ ներկայացնելով համապատասխան փաստեր։
Նամակում ընդգծվել է, որ ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի՝ կախված դրա աղբյուրից։ Հիշատակվել է նաև, որ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը վերաբերող Եվրախորհրդարանի 2026 թվականի ապրիլի 24-ի բանաձևում և դրա հիման վրա ներկայացված առաջարկներում նշվել է ռուսական միջամտությանը հակազդելու անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, եթե ԵՄ-ն միջոցներ է ձեռնարկել ռուսական միջամտության դեմ, ապա նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ադրբեջանական միջամտության պարագայում։
«Միասնության թևերը» համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում հետևողականությունը, անկախ արտաքին դերակատարից, կարևոր նշանակություն ունի ինստիտուտների վստահելիության պահպանման և ընտրողների իրավունքների պաշտպանության համար։
Կարևորվել է նաև ԵՄ պատվիրակության կողմից տրված հավաստիացումը, որ միությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել արտաքին միջամտության բոլոր փորձերը՝ դրանք բացահայտելու և դրանց հակազդելու նպատակով՝ անկախ դրանց աղբյուրից։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Միասնության թևերը» հետևում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ հրապարակումներին։
Արման Թաթոյանի առաջարկի հիման վրա ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ադրբեջանական միջամտության վերաբերյալ հրապարակումները և ադրբեջանական աղբյուրներից ստացվող այլ տվյալները փոխանցվելու են ԵՄ-ին՝ հետագա ստուգման և համապատասխան արձագանքի համար։ Այս քայլը գնահատվել է որպես կարևոր։
Հայաստանյան հասարակությանը փոխանցվել է, որ շարունակական քայլեր են ձեռնարկվելու՝ ապահովելու երկրի ժողովրդավարության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ձևավորելու իշխանություն, որը զերծ կլինի արտաքին կախվածություններից և կգործի ազգային շահերի հիման վրա։ Միևնույն ժամանակ ընդգծվել է Հայաստանում ԵՄ գործունեության և երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ քննարկելու ներկայացված դիմումները։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





