AM
1 Մայիս 2026 - 09:40 AMT

ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռ Երևանում և Գյումրիում ակցիաներ կլինեն գերիների վերադարձի պահանջով

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի արձանի մոտ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում, նախատեսվում է հավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։ Ակցիա է նախատեսվում նաև Գյումրիում: Այդ մասին հայտնել է հասարակական գործիչ Սաիդա Պողոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նրա փոխանցմամբ՝ հավաքին մասնակցելու են անհետ կորածների և գերիների հարազատներ, ինչպես նաև քաղաքացիներ, որոնք պահանջել են իրենց հարազատների արտաշիրիմում, բազմաթիվ արցախցիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր կուսակցությունների անդամներ։

Պողոսյանը նշել է, որ գործում է «Հանուն ժողովրդական արժեքների» նախաձեռնությունը, որը ձևավորել է մայիսի 4-ին և 5-ին կայանալիք գագաթնաժողովին զուգահեռ օրակարգ։ Նախաձեռնությանն աջակցել են բազմաթիվ կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության անունից պատրաստվել են նամակներ, որոնք նախատեսվում է փոխանցել Եվրամիության ղեկավարներին։

«Մի քանի ակցիաներ ենք պլանավորում, սակայն մի մեծ խնդիր կա․ Հայաստան-ԵՄ գագաթաժողովի օրակարգը ոչ մի կերպ չի տրամադրվում, անգամ լրագրողներին։ Դա մեծ խնդիր է, բայց միևնույն է ծրագրում ենք մի քանի ակցիա՝ բարձրացնելու բոլոր չլուծված իրավունքների հարցերը, նաև ակցիա իրականացնել Գյումրիում։ Մեզ պետք էր հստակ իմանալ, որ Էմանուել Մակրոնը գնալու է Գյումրի»,- ասել է Պողոսյանը։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։