Ադրբեջանը կասեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ: Այդ մասին դրույթը ներառվել է որոշման նախագծում, որը քննարկվել է Միլի մեջլիսի լիագումար նիստում։ Փաստաթուղթը դրվել է քվեարկության և ընդունվել է։
Որոշման համաձայն՝ Միլի Մեջլիսի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը դադարեցվում է բոլոր ուղղություններով, հայտնում է Haqqin.az-ը:
Միաժամանակ դադարեցվել է նաև խորհրդարանի մասնակցությունը Եվրամիություն–Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը։
Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության համաձայն՝ մեկնարկել է այդ կառույցում Միլի մեջլիսի անդամակցության դադարեցման ընթացակարգը։ Ընթացակարգի ընթացքում Միլի մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցելու Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին։
Բաքուն նաև «դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում իբր տեղ են գտել «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կանխակալ դրույթներ»:
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, վերահաստատվում է հանձնառությունը արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցում:





