«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նոր Նորքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը չի ուզում վարչապետ դառնալ:
«Ասել եմ, որ ես վարչապետի պաշտոն չեմ ուզում, հրաժարվում եմ: Պետք է լինի ապագայի վարչապետը, որ չասեն՝ Ծառուկյանը ընկել է փողոց-փողոց, ասում է, որ ինքը դառնա վարչապետ»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Ծառուկյանը հավելել է, որ ուզում է, որ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իր երեխաների ապագան փայլուն լինի:
«Իսկ դա հնարավոր է: Ոնց որ ես չեմպիոնին չուղարկեմ մրցման, հորեղբորս տղային ուղարկեմ: Ով կարող է չեմպիոն դառնալ, նրան պետք է ուղարկեք: Ով կարող է այդ ծանրությունը վերցնել: Ծանրություն վերցնողը պետք է փորձ ունենա, կյանքում աշխատած լինի, գնահատող լինի, կապեր ունենա, ճանաչում ունենա, խոսք ունենա»,-նշել է նա։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





